15/10/2010 12:10
Արցախի ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել հայ լրագրողներին
ԼՂՀ Ազգային ժողովում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում լրատվամիջոցների և լրագրողների` այս օրերին Ստեփանակերտում անցկացվող «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից, հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ պատգամավորական խմբակցությունների պատասխանատուներ և անդամներ:
«Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ԱԺ նախագահն իր խոսքում կարևորեց այն իրողությունը, որ համաժողովն անցկացվում է Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև գոհունակություն հայտնեց այն նոր մակարդակի համար, որի շրջանակներում ներկայումս ծավալվում են համազգային օրակարգի քննարկումները:
Ընդգծելով տեղեկատվական ոլորտի կարևորությունը, նա նշեց.
«Թերևս, շատ ավելի հրատապ է այն հարցը, թե ինչ կարող ենք մենք անել համատեղ ուժերով, որպեսզի տեղեկատվությամբ գերհագեցած աշխարհում մեր ձայնը լսելի լինի և, որ շատ ավելի ցանկալի է, ունենա ազդեցություն»:
Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ հայ ժողովուրդը, իրոք, ունի այդ ներուժը, որպեսզի կարողանա արագորեն փոխվող աշխարհում ներկայանալ ազգային նպատակների մասին հայեցակարգային դիրքորոշումներով: Թեկուզ, ըստ նրա, «միշտ չէ, որ մեզ հաջողվում է ներքին համաձայնության գալ առաջնահերթությունների հարցում»: Իմ կարծիքով, ասաց նա, այստեղ շատ էական է նկատի ունենալ, որ կան հատկապես ազգային քննարկման հարցեր, բայց մեզնից և մեր ցանկություններից անկախ գոյություն ունի նաև, այսպես կոչված, միջազգային քաղաքականության օրակարգ և դրանից ածանցվող` տեղեկատվական միջամտության հայեցակարգեր ու մեխանիզմներ:
Ժամանակակից աշխարհը գոնե տեղեկատվական դրսևորումներում այնքան բաց է, որ մենք չենք կարող ոչինչ չտեսնելու տալ: Նշելով այդ մասին, Աժ նախագահը շեշտեց, որ հայկական տեղեկատվական դաշտը չի կարող առանձնացված լինել, դրսևորվել որպես բացառիկ ինքնուրույնություն: Միաժամանակ, սակայն, ասաց նա, մեր ճակատագիրն այնպես է տնօրինել, որ տեղեկատվական ցանկացած երևույթ մենք ընկալում ենք հստակ նպատակադրությամբ, թե ի՞նչ է հատկապես այն տալիս մեր ազգային խնդիրների սպասարկմանը:
Իր խոսքում խորհրդարանի նախագահը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր Արցախյան պատերազմի և այսօրվա Արցախի մասին կարողանում են ճշմարտությունը փոխանցել միջազգային լսարանին, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցներին: «Դա շատ գնահատելի առաքելություն է»,- ընդգծեց նա:
Կարծիք հայտնելով, թե` մենք անցել ենք ինքնակազմակերպվածության այն փուլը, երբ կարիք ունեինք մեկս մյուսին ներկայացնել իրականությունը ու նշելով, որ խնդիրն այսօր տեղափոխվել է այլ հարթություն, նա հանդիպման մասնակիցների հետ կիսվեց նոր իրավիճակում նկատվող որոշ զարգացումների վերաբերյալ իր նկատառումների շուրջ:
ԱԺ նախագահն այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման գործընթացին ու նրա զարգացումներին», - ասված է ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայության հաղորդագրությունում: