15/10/2010 14:48
Երևանում մեկնարկեց հայ-իրանական գործարար համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց հայ-իրանական գործարար համաժողովը: Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ): Իրանի Առևտրի և Ներդրումային գործակալության պատվիրակությունը մեր երկրում կգտնվի հոկտեմբերի 14-18-ը:
«Այսօր հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են նոր փուլում և կան բոլոր նախադրյալները համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման համար»,- ողջունելով հյուրերին` ասաց ԶՀԳ ներդրողների սպասարկման գծով տնօրեն Վալերի Շաբանովը, հավելելով, որ Ռուսաստանից հետո Իրանը համարվում է Հայաստանի 2-րդ գործընկերը:
ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը իրանցի գործարարներին ներկայացրեց Հայաստանի և Իրանի միջև գործող հարկային և մաքսային ոլորտի համաձայնագրերը:
«Հայաստանը իր չորս հարևաններից ինչքան է կարևորում Իրանի հետ սահմանը, որ այդ սահմանի վրա հայկական կողմում ունենք Մեղրիի մաքսակետ և Հայաստան ներմուծվող կամ Հայաստանից Իրան արտահանվող ապրանքների հարաբերությունները կարգավորվում են այդ մաքսակետի միջոցով»,- հատուկ շեշտեց Ա. Ալավերդյանը:
Համաժողովին մասնակից իրանական 22 ընկերությունների ղեկավարները գործարար հանդիպումներ կունենան հայկական ընկերությունների, Էներգետիկայի, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի, Քաղաքաշինության, Էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է 818 իրանական ընկերություն:
2004-2009 թթ. Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել մոտ 916 մլն դոլար: 2009-ին գրանցվել է 153 մլն դոլարի շրջանառություն, որից ներմուծումը` 134 մլն դոլար, իսկ արտահանումը` 19 մլն դոլար: Հայաստանից Իրան է արտահանվում ալյումին, երկաթ, պողպատ, օրգանական բաղադրամասեր: Ներմուծվում են հանքային նյութեր, պլաստմասե տարաներ, ապակի, երկաթ, պողպատ և այլն:
Հիշեցնենք, որ այս տարի հունիսին իրանական մեծ գործարար պատվիրակություն էր ժամանել Հայաստան` տեղում ուսումնասիրելու տնտեսական իրավիճակը, համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները: