15/10/2010 16:15
«Հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում»
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին:
Ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդման, ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում երկու երկրների միջև տեղի ունեցող ակտիվ փոխայցելությունների, հայ-իրանական փոխշահավետ համագործակցության կայուն զարգացման կապակցությամբ և նշել, որ էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում` նորանոր ծրագրեր են մշակվում և կյանքի կոչվում:
Մաջիդ Նամջուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը, և վերջին շրջանի ակտիվ փոխայցելությունները դրա մասին են վկայում: Նա ներկայացրել է էներգետիկ բնագավառում երկկողմ փոխգործակցության ընդլայնման նպատակով իրանական կողմից ձեռնարկվող քայլերը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է երեկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը և այսօր Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու նպատակով ժամանել են երկու տասնյակից ավելի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: