15/10/2010 09:45
Իսրայելի վարչապետը պատասխանել է Ահմադինեժադի ելույթին
Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն պատասխանել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լիբանանյան ելույթին` հայտարարելով, որ Իսրայելը «միշտ կարող է պաշտպանել իրեն»: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին` ելույթ ունենալով Լիբանանում բազմահազար հանրահավաքին, Իրանի նախագահը խոստացել է օգնել արաբներին Իսրայելի հետ պայքարում, ասելով, որ «սիոնիստները մահկանացու են»: Ահմադինեժադը նրանց առաջարկել է վերադառնալ «իրենց սկզբնական հայրենիքը»:
«Այսօր մենք լսել ենք Լիբանանից Իսրայելի հասցեին ուղղված հարձակումներ և վիրավորանքներ: Ամենալավ պատասխանն է 62 տարի առաջ հրեական պետության հռչակումը և այն ամենը, ինչը մենք կառուցել ենք այդ օրվանից ի վեր», - ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետն ընդգծել է. «Իսրայել պետությունը միշտ կարող է իրեն պաշտպանել»: