15/10/2010 15:59
Ռոբերտ Զեբելյանը տխրեցրեց Ռոման Բերեզովսկուն
Սոչիի «Ժեմչուժինան» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հերթական տուրում 2:1 հաշվով պարտության մատնեց մերձմոսկովյան «Խիմկիին»: Ուշագրավ է, որ այս խաղում առաջինը հաջողության հասավ «Խիմկին»: 48-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ Պավել Իգնատովիչը: Սակայն չորս րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Զեբելյանը մեն-մենակ մնաց մեր ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկու դեմ և վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Քիչ անց սոչեցիները Վլադիմիր Շիշելյովի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի մնացած ժամանակահատվածում այլ գոլ չգրանցվեց:
Այսպիսով` «Ժեմչուժինան» այժմ իր ակտիվում 53 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Խիմկին» 44 միավորով 12-րդն է: