16/10/2010 13:28
Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերը կվերականգնվեն
Վրաստանում հայկական դպրոցների խնդիրները բազմաթիվ են: Նման տեսակետ հայտնեց հայ լրագրողներին Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինն իր պաշտոնակից` Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ կնքած համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու՞ են Վրաստանի հայկական դպրոցներում կրճատվել հայերենի դասաժամերը` Դ. Շաշկինը նշեց, որ հայկական դպրոցները մեծ դերակատարում ունեն վրացական կրթահամակարգում:
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան` դպրոցների զարգացման համար: Ճիշտ է, այս տարի ժամանակավորապես կրճատվել են հայերենի դասաժամերը, սակայն ընդգծում եմ, որ դա ժամանակավոր է: Այժմ հայերենի դասաժամերն այնքան են, որքան վրացերենը»,- ասաց վրացի նախարարը և հավելեց, որ արդեն հաստատել է մյուս տարվա կրթական ծրագիրը, որով էլ կավելացվեն ինչպես հայերենի, այնպես էլ վրացերենի դասաժամերը: Նրա խոսքով, այսուհետ հայերենի դասաժամերն ավելի շատ կլինեն, քան նախկինում էր:
Հայաստանի ԿԳ նախարար Ա. Աշոտյանը իր հերթին նշեց, որ վերոնշյալ խնդիրը քննարկվել է թե’ Վրաստանում, թե’ Հայաստանում: Նա շնորհակալություն հայտնեց վրացական կողմին` հայերենի դասաժամերի ավելացմանը ըմբռնումով մոտենալու համար:
Նշենք նաև, որ երկու երկրների կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կլրացվեն Հայաստանի և Վրաստանի կրթական համագործակցության բազաները: