16/10/2010 14:12
Դասագրքերի հարցը` գլխացավանք Վրաստանի ԿԳՆ-ի համար
«Դասագրքերի հարցը գլխացավանք է նախարարության համար: Վրաստանում դասագրքերը չեն պատկանում կառավարությանը և նրա իրավասության ներքո չեն: Դա բաց շուկա է, որտեղ հրատարակողներն իրենք են մշակում դրանք»,- նման ձևակերպմամբ հանդես եկավ Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը` պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ են Վրաստանում հայերեն դասագրքերն այդքան անմխիթար վիճակում:
Նա նշեց, որ իրենց մոտ կրթության նախարարությունը չէ, որ դպրոցներին դասագրքեր է մատակարարում. «Հեղինակային իրավունքները պատկանում են հրատարակողներին: Ցավոք, համաձայն եմ Ձեզ հետ` որոշ դասագրքերի որակը, իսկ դա միայն հայկական դասագրքերին չի վերաբերում, իրոք, շատ ցածր է: Մենք համաձայնության ենք եկել ՀՀ ԿԳՆ-ի հետ, որ երբ դասագրքերը պատրաստ լինեն, դրանց նախնական տարբերակները կուղարկվեն այստեղ, որպեսզի հենց այստեղ անցնեն որոշակի ստուգում`սխալները բացառելու նպատակով»:
Վրացի նախարարը նաև անդրադարձավ հայկական դպրոցների կրճատման հարցին: Նրա խոսքերով, դա պայմանավորված է աշակերտների թվի պակասով:
«Կրթական ոլորտի բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել դպրոցների քանակը` որակյալ կրթություն ապահովելու նպատակով: Փակված դպրոցների և ոչ մի ուսուցիչ չի մնացել առանց աշխատանքի»,- հավաստիացրեց Դ. Շաշկինը:
Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ հայերն ավելի շատ գերադասում են իրենց երեխաներին տանել ռուսական դպրոցներ, քան հայկական: