16/10/2010 11:22
ԵԱՀԿ գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 պետության ղեկավար
Ավելի քան 40 պետությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունն Աստանայում կայանալիք առաջիկա ԵԱՀԿ գագաթաժողովին: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ում ԵԱՀԿ դեպարտամենտի ղեկավար Սերժան Աբդիկարիմովը:
«Հիմնականում իրենց մասնակցությունը հաստատել են եվրոպական երկրների ղեկավարները, ինչպես նաև ԵԱՀԿ-ին գործընկեր ասիական տարածաշրջանի երկրները», - ասել է նա:
Աբդիկարիմովը նաև հայտնել է, որ գագաթնաժողովի օրակարգի շուրջ ներկայում տարվում են աշխատանքներ:
Ըստ նրա, գագաթնաժողովում կներառվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողությունը, իրավիճակն Աֆղանստանում, վստահության ամրապնդումը, ազգամիջյան սպառնալիքներն ու մարտահրավերները: Կքննարկվեն նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի և բնապահպանական աղետների հետևանքները, ավելացրել է Աբդիկարիմովը:
Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին: Գագաթնաժողովին, բացի պետությունների և կառավարությունների ղեկավարներից, կմասնակցեն նաև ներկայացուցիչներ ավելի քան 60 միջազգային կազմակերպություններից: