18/10/2010 13:22
Ա. Աբրահամյան. «Ռուսաստանի հայերի միությունը կայացած է»
Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող տոնական միջոցառումները շարունակվում են տոնվել Արցախում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում: Այսօր այդ առիթով լրագրողների հետ է հանդիպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա նշեց, որ միության համար անցած 10 տարին երկար ճանապարհ է և «այն այսօր կարելի է համարել կայացած, որն իր ուրույն տեղն ունի Ռուսաստանում»: Միության նախագահի խոսքով` Ռուսաստանի 80 մարզերում միությունն ունի բազմաթիվ մասնաճյուղեր, որտեղ զբաղվում են կրթական, մշակութային, հայապահպանության հարցերով:
«1999-ին ՌԴ-ում գործում էր 400-500 հայկական կազմակերպություն: 2000-թվականին դրանց մեծ մասը միավորվեց և ստեղծվեց Ռուսաստանի հայերի միությունը, որը զբաղվում է տեղի հայկական համայնքի խնդիրներով»,- ասաց Ա. Աբրահամյանը և ընդգծեց, որ ՌՀՄ հիմնական խնդիրներից է, օրինակ, լեզվի ու հավատքի պահպանումը:
Խոսելով միության կատարած աշխատանքների մասին` Ա. Աբրահամյանը նշեց, որ իր համախոհների հետ ստեղծել է հասարակական կազմակերպություն, քանի որ իրենք ազգասեր մարդիկ են. «Մենք որևիցե մեկից փող չենք հավաքում. ինչ անում ենք, անում ենք մեր միջոցներով: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, մրցույթ չեմ մտել որևէ մեկի հետ և ուրախ կլինեմ, որ ինչ-որ մեկն ինձանից շատ անի իր հայրենիքի համար»:
Միության նախագահի խոսքով, ՌՀՄ-ն մնացած հայկական հասարակական կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ աշխատում է իշխանությունների, կառավարության հետ:
Խոսելով միության բացթողումների մասին, Ա. Աբրահամյանը ցավով նշեց, որ իրենք չկարողացան այնպես անել, որ ՌԴ-ի հայ բիզնեսմենները միասնական ուժով հանդես գան: