18/10/2010 13:14
ԿԲ նախագահ. Ունենք առողջ, կայուն զարգացող ֆինանսական համակարգ
«Ունենք առողջ, կայուն զարգացող, ինչպես նաև արդյունավետ վերահսկվող ֆինանսական համակարգ: Համաձայն համաշխարհային մրցունակության զեկույցի` 2010-11 թթ. համար` Հայաստանի բանկային համակարգն, ըստ կայունության, առաջատար դիրքեր է գրավում տարածաշրջանի երկրների համեմատ»,- այսօր ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա շեշտեց, որ ԿԲ քաղաքականությունն ուղղված է եղել ֆինանսական շուկայում նոր ինստիտուտների և գործիքների ստեղծմանը: Ա. Ջավադյանն առանձնացրեց հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված ԿԲ աշխատանքը և Ազգային հիփոթեքային ընկերության հիմնադրումը: Ըստ նրա, բանկային համակարգը հանդիսանում է ֆինանսական շուկայի ամենազարգացված մասը: Վերջին շրջանում ԿԲ ջանքերն ուղղված են եղել ապահովագրական և արժեթղթերի շուկաների կայացման խնդրին, իսկ հաջորդ քայլը միտված է լինելու բժշկական ապահովագրության զարգացմանը:
Հավելենք նաև, որ Ա. Ջավադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Համահայկական բանկի ստեղծումը սարերի ետևում չէ, համապատասխան ուսումնասիրությունները մասնագետների կողմից արդեն արվել են, մոտ օրերս կնշանակվի այդ կառույցի ղեկավարը, իսկ ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի համապատասխան շենք. «Արդեն սկսվել է բանկի ստեղծման երկրորդ փուլը»: