18/10/2010 12:51
Մեկնարկեց ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը: Այն կազմակերպել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը:
Համաժողովին մասնակցում են շուրջ 45 մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և Արաբական Միացյալ Էմիրություններից:
Այսօր համաժողովին պետք է մասնակցեր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն Ազգային Ժողովում 2011 թ. պետբյուջեի քննարկումների պատճառով նա ներկա չէր:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս հանաժողովները համախմբում են հայ ժողովրդին` և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի մասնագետներին, հայրենիք-Սփյուռք կապերը ուժեղացնելու համար. «Բացի համաշխարհային մարտահրավերներից մենք ունենք նաև տարածաշրջանային մարտահրավերներ, ունենք ԼՂՀ հարցի դեռևս չկարգավորված իրավիճակ, տարածաշրջանում ունենք պատերազմական իրավիճակ, մենք ունենք անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններ, և, իհարկե, Հայաստանի և Ղարաբաղի երկկողմանի շրջափակում»:
Հ. Հակոբյանն ընթերցեց նաև ՀՀ նախագահի ուղերձը:
Համաժողովի մասնակիցներին փոխանցվեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, թե մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում հնարավոր է ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողով անցկացնել: Վեհափառը նաև հույս էր հայտնել, որ այս հավաքն իր «պտուղները կբերի»:
«Այս համաժողովը կարևորագույն իրադարձություն է ֆինանսական կյանքում: Մեր գործընկերները պետք է ավելի լավ հասկանան այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում և պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր ֆինանսական համակարգի զարգացման մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հավելելով նաև, որ, իր կարծիքով, այս համաժողովից հետո ճանաչված կազմակերպությունների թիվը Հայաստանում կավելանա:
ԿԲ նախագահը մասնակիցներին ներկայացրեց «ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումները. մարտահրավերներ և ձեռքբերումներ» թեմայով զեկույց, ԲՄ նախագահ Արարարտ Ղուկասյանը խոսեց բանկային համակարգի` որպես back-office ծառայություններ մատուցողի, սահմանափակումների ու հնարավորությունների մասին: Երկօրյա համաժողովի ընթացքում ծրագրվում է նաև քննարկել ֆինանսական կրթության խնդիրները Հայաստանում, ՀՀ ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում Սփյուռքի մասնագիտական ներուժի կիրառման հարցերը:
Հավելենք նաև, որ վաղը նախատեսվում է հիմնել ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցություն, որի հիման վրա կձևավորվի մասնագիտական ցանց: