18/10/2010 17:03
«Հայփոստ». Մեծ փոփոխությունների մեկնարկը տրված է
Հոկտեմբերի 15-ին Կապանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Հայփոստ» ՓԲԸ 3301 բաժանմունքի և Կապանի մասնաճյուղի պաշտոնական վերաբացմամբ մեկնարկել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի վերափոխման մեծ ծրագիրը մարզերում: Ծրագիրը ենթադրում է հանրապետության բոլոր մարզերի մասնաճյուղերի և ավելի քան 200 բաժանմունքի նորացում թե’ արտաքին տեսքի, թե’ տեխնիկական վերազինման, թե’ ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք ավանդական և ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի կտրամադրեն ֆինանսական և կոմերցիոն բազմապիսի և բազմաբնույթ ծառայություններ ևս:
Ինչպես Կապանում բացման արարողության ժամանակ նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, գործընթացը կարևոր է հատկապես այն առումով, որ բոլոր վերաբացվող մասնաճյուղերում նույնատիպ և նույն բարձրորակ ծառայություններն են մատուցվելու, այսինքն` մարզերի բնակիչները ստանալու են նույնքան բարձրորակ ծառայություններ, որքան մայրաքաղաքի բնակիչները:
Ի դեպ, առաջիկայում կվերաբացվեն Կապանի ևս երեք բաժանմունք:
Նշենք, որ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Փոստային բաժանմունքներում փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաև ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ:
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել ևս 35 բաժանմունք` այդ թվում նաև Դիլիջանի, Գյումրիի, Իջևանի և Ծաղկաձորի մասնաճյուղերը:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի և ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականին: