19/10/2010 10:31
Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը 60 տարեկան է
Այսօր Ստրասբուրգում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Մարդու իրավունքների հռչակագրի 60 ամյակին: Միջոցառմանը կնախորդի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հանդիպումը և համատեղ մամլո ասուլիսը:
Ինչպես տեղեկացանք Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքէջից, հանդիսավար միջոցառմանը ելույթ կունենան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պաշտոնական հայտարարություններից հետո ներկաներին կցուցադրվի Հռչակագրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որին կհետևի Բարբարա Հեդրիքսի երաժշտական ներկայացումը:
Միջոցառման ընթացքում կանցկացվեն քննարկումներ` Եվրոպայում մարդու իրավունքների ապագայի, թրաֆիքինգի, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեմ պայքարի, ինչպես նաև սոցիալական իրավունքների և ազգային փոքրամասնությունների լեզուների պահմանման վերաբերյալ: