19/10/2010 12:27
Երևանում մեկնարկել է ԵԴԽԽ 5-րդ լիագումար նիստը
Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը:
«Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին: Այդ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես դատախազության մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների անվտանգության և իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- ողջունելով հյուրերին իր բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և հույս հայտնել, որ անմիջական և անհատական շփումները կնպաստեն մեր համագործակցության, մեր երկրների իրավապահ և արդարադատության մարմինների փոխգործակցության ամրապնդմանն ու բարելավմանը:
«Եվրոպայի խորհրդի շրջանակներում բազմակողմանի համագործակցությունը հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, որը ներառում է մեր պետությունների կենսագործունեության բազմաթիվ ոլորտներ և այստեղ հատուկ նշանակություն ունի իրավապահ մարմինների, այդ թվում` դատախազության համագործակցությունը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:
ԵԴԽԽ լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենա Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահի, փոխնախագահի, ինչպես նաև Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը: