20/10/2010 10:05
Ֆրանսիացի պատգամավորները դեմ են Թուրքիայի ԵՄ ինտեգրման ծախսերին
Ֆրանսիայի «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցության պատգամավորները փորձում են կանգնեցնել Թուրքիայի եվրոինտեգրման ֆինանսավորման «անվերջ» գործընթացը: Պատգամավորների կարծիքով, Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության անդամ, հաղորդում է «Նյուսլենդ.ru»-ն: Նրանք կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը դադարեցնել երկրի մասնակցությունը Թուրքիայի եվրոինտեգրման ֆինանսավորման գործընթացում:
2011 թվականի ֆրանսիական բյուջեից նախատեսվում է մոտ 130 մլն եվրո հատկացնել ծրագրերին, որոնք նախատեսված են հանուն թուրքական հասարակության ժողովրդավարացմանը և այսպես կոչված մշակութային երկխոսության զարգացմանը:
Նշենք, որ Եվրահանձնաժողովը քննադատել է ֆրանսիացի օրենսդիրների մտադրությունը, նշելով, որ 2011-ի եվրոպական բյուջեն հաստատված է և վերանայման ենթակա չէ:
Թուրքական բիզնեսի ասոցիացիան իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդի տրամադրած միջոցները մեծ նշանակություն չունեն Թուրքիայի տնտեսության համար:
«Այդ պատգամավորները զբաղված են այլատյացության պրոպագանդայով և պատվազրկում են Ֆրանսիայի` որպես ժողովրդավարական երկրի համբավը», - հայտարարել են նրանք: