20/10/2010 13:41
ՀՆԱ. Աճի տեմպը շարունակում է նվազել
ՀՀ տնտեսության աճի տեմպը հետզհետե նվազում է. 2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կազմել է 2386668.4 մլն դրամ, աճի տեմպը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 2.8 %: Հիշեցնենք, որ հունվար-օգոստոսին ՀՆԱ աճի տեմպը կազմել էր 3.1 %, հունվար-հուլիսին՝ 4 %, հունվար-հունիսին՝ 6.2 %:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված տվյալների համաձայն` ՀՆԱ-ի ինդեքս դեֆլյատորը 9.8 % է:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 579 մլրդ 140 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 10.9 %-ով: Նշված ժամանակահատվածում արտադրվել է 4958 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը` 19.4 %), գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 426 մլրդ 677.9 մլն դրամ: Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտը ապրում է «կայուն» անկման շրջան` հունվար-օգոստոսին գրանցված 18 % անկումը կրկնվել է հունվար-սեպտեմբերին:
Հաշվետու ժամանակաշրջանում շինարարության ծավալը կազմել է 356 մլրդ 365 մլն դրամ (նախորդ տարվա օգոստոսի համեմատ անկումը` 5.2 %, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ աճը 19.9 % է), մանրածախ առևտրաշրջանառությունը` 751 մլրդ 838.5 մլն դրամ (աճ` 0.4 %), ծառայությունների ծավալը (առանց առևտրի)` 571 մլրդ 923.4 մլն դրամ (աճ` 7.4 %):
Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3383.7 մլն դոլար: Ընդ որում, արտահանման ծավալներն աճել են 43.9 %-ով՝ կազմելով 705.3 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալներն աճել են 19.2 %-ով` կազմելով 2678.4 մլն դոլար:
Սպառողական ապրանքների գներն աճել են 7.8 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները` շուրջ 25.9 %-ով:
2010 թ. սեպտեմբերին պաշտոնապես գրանցվել է 82.1 հազ. գործազուրկ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1.2 %-ով:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 7.9 %-ով` կազմելով 106048 դրամ:
2010 թ. հունվար-սեպտեմբերին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377.97 դրամ: