20/10/2010 11:04
Մարգարետ Թետչերը հիվանդանոց է տեղափոխվել
Բրիտանական քաղաքականության կենդանի լեգենդ Մարգարետ Թետչերը հիվանդանոցում է: Բժիշկները կարծում են, որ նախկին վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն «երկաթե լեյդին» հիվանդանոցում կմնա առնվազն մի քանի օր: Չի բացառվում նաև, որ հանգստյան օրերին նա կվերադառնա տուն, այս մասին հաղորդում է «Վեստի.ռու-ն»:
Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Մարգարետ Թետչերը դարձավ 85 տարեկան, սակայն տոնակատարություններն անձամբ չեղյալ էր համարել` մրսածության և հարբուխի պատճառով` ներողություն հայցելով տոնակատարության կազմակերպիչներից:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը» պարզաբանում է, որ հենց այդ հիվանդությունն էլ պատճառ է դարձել, որ Թետչերը հոսպիտալացվի:
Նշենք, որ վարակը չի կարող վտանգ հանդիսանալ բարոնուհու կյանքին, սակայն միևնույն ժամանակ նրա տարիքում ցանկացած հիվանդություն կարող է սպառնալիք դառնալ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ում համար Թետչերը միշտ եղել է կուռք, տեղյակ է նրա հոսպիտալացման մասին և հետևում է լեգենդար քաղաքական գործչի առողջությանը վերաբերող լուրերին: