21/10/2010 13:18
Հայաստանը կողմ է Իրանի միջուկային հարցի բանակցային լուծմանը
«Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել և շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես `էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին», - ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով լրատվամիջողցերի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին:
Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի հարաբերությունները Իրանի հետ փոխշահավետ են և մտադիր ենք դրանք զարգացնել:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել:
Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով», - նշել է Էդվարդ Նալբանդյանը: