21/10/2010 15:21
Ադրբեջանցիների մոտ «մասշտաբային ախտաբանական ստախոսություն Է»
Ադրբեջանը շարունակաբար կեղծքում է պատմական իրականությունը` միջազգային հանրությանը ստելով ոչ միայն Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, այլ նաև նենգափոխելով Հայաստանի պատմությունը: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանը:
Ըստ բանախոսի` դեռ խորհրդային ժամանակներից ադրբեջանական գիտնականների կողմից շարունակվող կեղծարարությունները բացասական են ազդում հայության նկատմամբ միջազգային հանրության կարծիքի վրա: Որպես օրինակ պատմաբանը ներկայացրեց բազմաթիվ հրապարակումներ և կայքէջեր, որոնք ողողված են այն տեղեկատվությամբ, թե Ղարաբաղը մշտապես եղել է Ադրբեջանի մաս, ավելին` այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ «Արևմտյան Ադրբեջան» է եղել:
«Ադրբեջանական և թուրքական պատմաբանները զերծ չեն մնում ներկայացնել թուրքերին որպես բնիկ ժողովուրդ, որն իբր մեր տարածաշրջանում հայտնվել է նույնիսկ Քրիստոսից հազարամյակներ առաջ` իրենց նախնիներ համարելով ոչ միայն սեմական մի քանի հնագույն ժողովուրդներին, այլ նաև` հնդեվրոպական, ինչպիսիքն էին խեթերը»»,- հավելեց նա:
Ա.Ղարիբյանը նաև նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվում են արտաքուստ հայկական թվացող կայքէջեր, որոնք սխալ տեղեկատվություն են հաղորդում Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, միևնույն ժամանակ` ներկայացնում Ադրբեջանը որպես տարածաշրջանում տնտեսապես ամենազարգացած և հզոր բանակ ունեցող երկիր:
«Սա քարոզչության դրսևորումներից մեկն է` հոգեբանորեն ազդելու հայության վրա, և լուծելու ներքին խնդիրները», - գտնում է Ա.Ղարիբյանը:
Ասուլիսի մյուս մասնակից հոգեբան Կարինե Նալչյաջյանը, խոսելով պատմական իրողությունների կեղծման քաղաքականության մասին ասաց, որ ադրբեջանցիների մոտ դարեր շարունակ ձևավորվել է ծագումնաբանության հետ կապված հոգեբանական լուրջ բարդույթ:
«Տեղի է ունենում մասշտաբային ախտաբանական ստախոսություն, երբ կա շատ լուրջ հոգեբանական խնդիր: Այդ դեպքում դա ծագումնաբանության հետ կապված խնդիր է, որը բերում է պաթոլոգիայի և նևրոզների: Սակայն այդ էթնոհոգեբանական իրավիճակը վերափոխվել է Ադրբեջանում էթնոքաղաքականի», - պարզաբանեց հոգեբանը: