21/10/2010 13:31
Կանխատեսում. 2010 թ. գնաճը կկազմի 10 %
«Հայաստանը մեծ հաջողություններ ունի նախորդ տարվա համեմատ. ԱՊՀ երկրների շարքում 8 ամսվա կտրվածքով վերջինն էինք, հիմա` վերջից 2-րդն ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ու ընդգծեց, որ Հայաստանը տնտեսական ցուցանիշներով գերազանցել է Ղրղզստանին:
Բանախոսը նշեց, որ ՀՀ-ում տնտեսական զարգացումները 2009 թ. արդյունքներով էապես զիջում են Ադրբեջանին, «Վրաստանից դեռ առաջ ենք, բայց այս տարի Վրաստանն էլ մեզանից առաջ կանցնի»:
Անդրադառնալով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշերին, Բ. Ասատրյանն այս տարվա առաջին 9 ամիսների ՀՆԱ աճի արդյունքը «մի քիչ ավելի տխուր» անվանեց, քան` 8 ամիսներինը. «9 ամիսների արդյունքում մեր աճը կազմել է ընդամնեը 2.8 %: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին ՀՆԱ անկումը կազմել է 25 %»:
Տնտեսագետի գնահատականով, 2010 թ. այդպես «գորշ» էլ կփակվի. գնաճը կկազմի 10 %, որը մեր պատմության մեջ «աննախադեպ» ցուցանիշ է: Իսկ գնաճի այս բարձր ցուցանիշը, ըստ նրա, բացասական ազդեցություն կունենա գալիք զարգացումների վրա: