21/10/2010 13:08
Բ. Ասատրյան. Արտարժութային պատերազմի սպառնալիքն իրական է
«Աշխարհը կանգնած է մի նոր վտանգի ` արտարժութային պատերազմի առջև: Եվրոն ուժեղանում է, դոլարն` արժեզրկվում»,- այսօր ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Այս իրավիճակի պատճառն, ըստ նրա, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն են, «չինական յուանի արժեզրկված լինել-չլինելու» հարցը, որը որոշակի տնտեսական արձագանք ստացավ ԱՄՆ կողմից: Բ. Ասատրյանը նշեց նաև այն, որ Ճապոնիայի բանկը վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ խոշորածավալ ինտերվենցիաներ է կատարել. «Անհանգստություն կա, և մեզանում ևս պետք է լինի»:
Բ. Ասատրյանի խոսքով, ՀՀ իշխանությունները այստեղից պետք է եզրակացություններ անեն, առաջին հերթին` վարեն հավասարակշռված արժութային քաղաքականություն և դիվերսիֆիկացնեն պահուստները:
«Իրավիճակն այնպես է, որ կարող է կորուստներ և շահեկան վիճակներ ստեղծվել»,- նշեց նա:
Բ. Ասատրյանն անդրադարձավ նաև ոսկու համաշխարհային թանկացումներին. Այսօր միջազգային շուկաներում ոսկու ունցիան վաճառվում է 1350-1370 դոլարով: ԿԲ նախկին նախագահը հիշեցրեց, որ «մեր դրամավարկային իշխանությունները» ոսկու պաշարները վաճառեցին 395 դոլար/ունցիա գնով:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական Բանկի ներդրումային հանձնաժողովը 2004 թ-ին գաղտնի էր որոշում կայացրել վաճառել ոսկու ամբողջ պաշարը` շուրջ 1.4 տոննա: Գործարքի մասին հանրությանը տեղեկացվել էր ավելի ուշ: