22/10/2010 15:19
ԱրմՌոբոտիքսը հիմնում է ակումբ
Այսօր երեկոյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի առաջին հանդիպումը: Այն նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Ինչպես Aysor-ին հայտնեց ԱրմՌոբոտիքսի մենեջեր Մարիամ Նահապետյանը, հանդիպման ընթացքում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կներկայացնի Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման խնդիրները, միջոցառման հովանավոր «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը կխոսի մեր երկրում ռոբոտաշինության զարգացման թեմայով: Հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև ակումբի նպատակներն ու հեռանկարները:
«Ակումբի նպատակն է` համախմբել տեխնոլոգիական ոլորտով և ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին, հնարավորություն տալ մասնակիցներին քննարկել ոլորտին վերաբերող և իրենց հետաքրքրող հարցերը, հնարավորություն տալ երիտասարդներին մշակել առաջարկներ ու իրականացնել դրանք»,- նշեց Մ. Նահապետյանը:
Նա տեղեկացրեց, որ ակումբը հանդիպումներ է կազմակերպելու ամսական մոտ 2 անգամ` ուրբաթ և շաբաթ օրերին, ինչպես նաև կկազմակերպվեն թրեյնինգներ` ռոբոտաշինության, ինժեներիայի վերաբերյալ: