22/10/2010 17:23
Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունն արդյունավետ զարգանում է
Այսօր կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:
«Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունն արդյունավետ զարգանում է, կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում էական առաջընթաց ունենք, 2009-2011 թվականների ծրագիրն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի»,-փաստել է Արթուր Բաղդասարյանը` կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքական համագործակցության հետագա խորացումը, ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:
«Մենք կարողացանք ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում հիմնադրել դիվանագիտական ակադեմիա, ինչը լուրջ ձեռքբերում է: Գալիք տարի թերևս կունենանք նաև արդարադատության ակադեմիա, և դա հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել իրավապահ ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը: ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների թիմն արդեն երկու լիագումար նիստ է գումարել, տեղի են ունեցել տեսակոնֆերանսներ: Քննարկվել են համաձայնագրի հիմնական նպատակներին, ընդհանուր սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Ատուստամյանը ներկայացրել է արդարադատության, ազատության և անվտանգության հացերին վերաբերող քննարկումների արդյունքները:
Նիստում ամփոփվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 2010 թվականի երրորդ եռամսյակի գործողությունների կատարողականը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են բոլոր ուղղություններով կատարված աշխատանքները: