23/10/2010 13:14
Գ. Մելիքյան. Աստրախանի հանդիպմանը փաստաթուղթ չի ստորագրվի
«Աստրախանում կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումից կարելի է սպասել առաջընթաց` բանակցությունների շարունակման առումով»,- հրավիրված մամլո ասուլիսում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը:
«Դա շատ եմ կարևորում, քանի որ Ադրբեջանի կողմից վերջին ռազմատենչ հայտարարությունները կարծես թե փակուղի են ցանկանում մտցնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացը»,- ասաց պատգամավորը և նշեց, որ դա արդեն իսկ խոշոր առաջընթաց է այն բանի համեմատ, ինչ ունենք այսօր:
Գ. Մելիքյանը կարծում է, որ եռակողմ հանդիպման շրջանակներում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի:
Նախօրեին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահերի միջև եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: