23/10/2010 13:57
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Շիրակի մարզ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Շիրակի մարզ: Երկրի ղեկավարն այցելեց Ախուրյանի շաքարի գործարան, ծանոթացավ իրականցված աշխտանքներին և ծրագրերին:
Նշենք, որ 2006-ին Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Արևիկի նախկին բազայի տարածքում սկսվեց շաքարի գործարանի շինարարությունը, որտեղ նախատեսված է վերամշակել ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքը, այնպես էլ` աճեցված ճակնդեղը: Առ այսօր կատարվել է մոտ 102 մլն դոլարի ներդրում:
Այս տարի շաքարի գործարանի սեփականատեր հանդիսացող «ԼուսԱստղ Շուգր» ՍՊԸ-ն վարձակալել է մոտ 50 հեկտար հողատարածություն և ցանել շաքարի ճակնդեղ:
Գործարանն աշխատելու է 10 ամիս, յուրաքանչյուր տարի 2 ամիս կանգնելու է ընթացիկ նորոգման:
Լրիվ հզորությամբ գործարանի աշխատանքի արդյունքում այն կարող է արտադրել 220 հազար տոննա սպիտակ շաքար` նկատի ունենալով, որ շաքարի ճակնդեղի հումքով շաքարի արտադրությունը լրիվ հզորության կարող է հասնել 4-5 տարիների ընթացքում: Ենթադրվում է, որ առաջիկա տարիներին տեղական հումքը կբավարարի ընդամենը 8-9 հազար տոննա շաքարի արտադրության համար:
Գործարանի շահագործման արդյունքում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շաքարի ճակնդեղի մշակությունը 300 հազար տոննա հասցնելու պարագայում` կապահվվի շուրջ 20 հազար մարդու զբաղվածությունը:
Նշենք, որ Հայաստանում շաքարի ճակնդեղ մշակվել է մինչև 1988-ի երկրաշարժը: Մինչև երկրաշարժն առավելագույն ցանքատարածությունը կազմել է 4.589 հեկտար, իսկ ամենաբարձր միջին բերքատվությունը` 38.9 տոննա հեկտար էր: Շաքարավազի տեղական արտադրության ամենամեծ քանակն այն ժամանակ կազմել է 28.3 հազար տոննա: Ճակնդեղագործությամբ հիմնականում զբաղվել են Ախուրյանի և Սպիտակի շրջանները:
Նշենք նաև, որ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի նաև Գյումրի` մասնակցելու քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: