25/10/2010 12:37
Վ. Այվազյան. «Տնտեսական մրցակցության խնդիրն առկա է ՀՀ-ում»
«Տնտեսական մրցակցության խնդիրն առկա է Հայաստանի Հանրապետությունում»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` անդրադառնալով գնաճին և, մասնավորապես, պանրի թանակցումներին:
Նա նշեց, որ ԱԺ-ն հանդես է գալիս օրենսդրական փոփոխություններով, իսկ կառավարության առջև հստակ հարցադրում է դրվել և վերջինս էլ պետք է հանդես գա իր առաջարկություններով: Վ. Այվազյանի խոսքով, տնտեսական մրցակցային պաշտպանության մարմինը բավարար գործիքներ չունի դաշտը լիովին կարգավորելու:
Պատգամավորը փաստեց, որ եթե գնաճը բյուջետով նախանշված ծավալներից ավելին լինի, ապա ստացված արդյունքն էլ «ոչինչ» է դառնում. «Սա գերխնդիրներից մեկն է»: Համենայն դեպս, ըստ պատգամավորի, պետության կողմից ֆիքսված սոցիալական ծախսերը հաստատուն են և կապված են բյուջեի եկամուտներից:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ չի ուսումնասիրել պանրի թանկացման պատճառները: Վարչապետի հայտարարությունը պանրի բրենդ ստեղծելու վերաբերյալ, Վ. Այվազյանը կապեց ուղղակի արտահանման խթանման հետ:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքերի համաձայն` բարձր գնաճի դեպքում միջազգային պրակտիկայում կիրառվում է մի միջոց. «Երբ գնաճը 6 %-ից ավելանում է, պետք բնակչության եկամուտները ինդեքսավորվեն: Ցավոք, մեզ մոտ այդ պրակտիկան չի կիրառվում` ելնելով եկամուտներից»:
«Մեր տնտեսական քաղաքականության մեջ լուրջ շտկումներ են պետք»,- հավելեց Վ. Սաֆարյանը: