25/10/2010 10:28
Հաիթիում խոլերայի զոհերի թիվը հասել է 250-ի
Հաիթիում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 253-ի: Վարակվածների թիվը ավելի քան 3 հազար է: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը` հղում անելով երկրի առողջապահության նախարարության վրա:
Առողջապահության նախարարության աղբյուրը նշել է, որ վերջին օրվա ընթացքում մահացածների թիվը 33 է: Իր հերթին երկրի Արտաքին գործերի նախարար Մարի-Միշել Ռեյն ընդգծել է, որ խոլերայի համաճարակի բռնկման դեպքերի բացարձակ մեծամասնությունը գրանցվել է «խիստ սահմանափակ տարածքում»` երկրի հյուսիսային Արտիբոնիտ շրջանում: Ըստ նախարարի` համաճարակի տարածման հետ կապված իրավիճակը դեռ հաջողվում է վերահսկել:
Երկրի մայրաքաղաք Պորտ-Օ-Պրենսում արձանագրվել է հիվանդացության 5 դեպք: Բոլոր վարակվածները մայրաքաղաք են ժամանել Արտիբոնիտ շրջանից: Ըստ աղբյուրի` վրանային ճամբարներում, որտեղ բնակվում են այս տարի հունվարի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով անտուն մնացած տասնյակ հազարավոր մարդիկ, համաճարակի դեպքեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ, 1,5 մլն մարդ մնացել է անտուն: