26/10/2010 13:33
Գտնվել է Ք. ա. 4-րդ հազարամյակում ապրած մարդու գանգամաշկ
Այսօր Արենիի հնագիտական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանն ամփոփեց 2010 թ.-ի պեղումները և նշեց, որ պեղվել են անոթներ, որոնք գործածվել են թաղումների ժամանակ և ունեն ծիսական նշանակություն. անոթներում գտնվել են մարդկային բավականին լավ պահպանված մնացորդներ:
«Երեխաները թաղված են, հիմնականում, ամբողջությամբ. կարասային թաղում է: Մեկ անոթի մեջ լինում է մեկ կամ երկու, երբեմն երեք թաղում»,- նշեց արշավախմբի ղեկավարը և հավելեց, որ մեծահասակները թաղված են մասնատված` հատված առ հատված:
Բանախոսը հաղորդեց նաև, որ պահպանվել է երեխաներից մեկի գանգամաշկը մազերով հանդերձ` զամբյուղի մեջ: Այդ գտածոն հնարավորություն է տալիս գենետիկորեն լուծել գտածոյի խնդիրը:
«Գենետիկորեն կարող ենք բացել Ք. ա. 4-րդ հազարամյակում ապրած մարդու ամբողջ գենետիկ կոդը: Այդպիսի բան արված է մեկ անգամ Իռլանդիայում, երբ ճահճում գտել էին լավ պահպանված մարդու կմախք, և ուսումնասիրվել էր նրա գենետիկ կոդը: Նյութի պահպանվածությունը թույլ կտա բացել ողջ գենետիկ կոդը»,- ընդգծեց հնագետը և նշեց, որ արտերկրի համապատասխան լաբորատորիանները պահանջում են 60 հազար եվրո` նման անալիզներ կատարելու համար:
«Գտնել այդպիսի գումար հնագետների համար դժվար է: Հիմա ազգովի պետք է որոշենք. եթե ուզում ենք ունենալ գենետիկ ողջ կոդը, պետք է վճարենք: Այսպիսի հնարավորությունը պատմությունը տալիս է մեկ անգամ»,- շեշտեց Բորիս Գասպարյանը: