26/10/2010 14:13
«Եգիպտոսում մումիֆիկացիա կատարել է մարդը, Արենիում` միջավայրը»
Արենիի քարայրում, որտեղ արդեն մի քանի տարի պեղումներ են ընթանում, հայտնաբերվել է այծի մումիֆիկացված մարմին` գլուխ, մարմնի մի մասը, հնարավոր է` նաև ուղեղը:
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը և հավելեց, որ հնարավոր է` գտածոն եգիպտական մումիաներից 1000-1500 տարի հին է:
«Եգիպտոսում մումիֆիկացիան կատարել է մարդը, իսկ Արենիի քարայրում` ուղղակի միջավայրը»,- իր հերթին ընդգծեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և փաստեց, որ հայտնաբերված այծը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու կենդանիների ընտելացման գործընթացը:
Ըստ նրա` գտածոն թույլ կտա բացահայտել, թե այծի վայրի տեսակներն ընտելացման ի՞նչ ճանապարհ են անցել, և այդ առումով գտածոն բանալի է` ոչխարի, այծի ընտելացման խնդիրները պարզաբանելու համար:
Եթե պարզվի, որ գտնված այծը պատկանում է Ք. ա. 5-րդ հազարամյակի վերջին կամ 4-րդ հազարամյակի սկզբին, ապա ըստ բանախոսի, գտնված այծի ուսումնասիրությունների հենքի վրա կկառուցվի այծի վայրի տեսակների ուսումնասիրության խնդիրը: