26/10/2010 16:10
Կիսաշրջազգեստ` 4-րդ հազարամյակից
Արենիի պեղումների ժամանակ հայտանբերվել են բավականին նյութեր, որոնք տեղեկություններ կտան արհեստագործության մասին, քանի որ քարայրում գտնվել են լավ պահպանված գործվածքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հնագետ, Արենիի պեղումների հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը:
Բանխոսը նշեց, որ գործվածքները եղեգից են, հանդիպում է նաև վուշից:
Ըստ նրա` հայտնաբերվել է հագուստի մաս, հնարավոր է` կիսաշրջազգեստ եղեգից, իսկ գործվածքի վրա նկատելի են ժամանակակից գորգարվեստի զարդերի նմուշներ. օգտագործելով եղեգի տարբեր կողմերը` մարդիկ զարդարել են իրենց գործվածքները: Շրջազգեստը պատկանում է Ք. ա. 4-րդ հազարամյակին:
«Մենք այդ ժամանակվա մարդու հագուկապի մասին շատ քիչ պատկերացում ունենք` պատկերագրություն չկա»,- իր հերթին ընդգծեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: