26/10/2010 15:09
Է. Շարմազանով. Շրջադարձային փոփոխություններ պետք չէ սպասել
«Չի կարելի ասել, թե այս հանդիպումը անակնկալ է, քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է, իսկ Ռուսաստանը ակտիվ ներգրավված է բանակցություններում»,- անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում նախատեսված եռակողմ (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների) հանդիպմանը և սպասվող զարգացումներին՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ այս հանդիպումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանի հոխորտանքները գրոշ չարժեն, քանի որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ալիևը ներքին սպառման համար ապակառուցողական հայտարարություններով է հանդես գալիս, սակայն այդ հայտարարություններից անմիջապես հետո «խելոք» գնում է բանակցությունների:
«Հույս ունեմ, որ գոնե այս անգամ Ադրբեջանի նախագահը կընդունի այն փաստը, որ բանակցությունների հիմքը Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Սանկտ Պետերբուրգում ներկայացված առաջարկներն են Լավ կլինի, որ Ալիևն այս անգամ չփախչի բանակցություններից և ոչ էլ դիվերսիա կազմակերպի»,- ասաց պատգամավորը:
«Այս հանդիպումից շրջադարձային փոփոխություններ պետք չէ սպասել, քանի որ Արցախի ղեկավարները դեռևս չեն մասնակցում բանակցային գործընթացին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս առիթ ունեցել է ասելու, որ հայկական կողմի համար կարևորը Արցախի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը»,- հավելեց Է. Շարմազանովը: