26/10/2010 15:48
Քաղաքագետ. Այս պահը ԼՂՀ ճանաչման համար դեռ շահեկան չէ
Հայաստանը ինչ-որ պահի անպայման պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, սակայն այժմ դեռ այդ պահը չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ժառանգության» առաջադրած ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծին` նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ես վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ աշխպարհով մեկ ճանաչելու են Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու պետականությունը: Ճիշտ քաղաքականությունն իրականացվում է կոնկրետ տարածության և կոնկրետ ժամանակի մեջ: Եթե ճիշտ ժամանակին չի բարձրացվում տվյալ խնդիրը, ապա այն կարող է հակառակ արդյունք տալ»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ այս պահը ճանաչման համար դեռ շահեկան չէ:
«Եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, Հայաստանն անհապաղ պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, կնքի ռազմական պայմանագիր և ակտիվորեն մասնակցի գործողություններին»,- ընդգծեց Բոզոյանը: