26/10/2010 22:01
Նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանցիները հայ զինվոր են սպանվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի` դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Ուշագրավ է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ: Առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը նախագահների հանդիպումներին ընդառաջ կամ դրանցից հետո նման սադրանքների է դիմում: Այս գործելաոճը հատուկ է ադրբեջանական կողմին:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումից բառացիորեն մի քանի ժամ անց ադրբեջանական դիվերսիոն խումբը հատեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, ինչի արդյունքում երկուստեք զոհեր գրանցվեցին:
Նշենք, որ միջնորդները բազմիցս հանդես են եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու առաջարկով, որին հայկական կողմը հավանություն է տվել, իսկ ադրբեջանական կողմը` մերժել: Վերջին անգամ նման առաջարկով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, ինչին հայկական կողմը դրական է արձագանքել, իսկ ադրբեջանական կողմը` ի դեմս այդ երկրի ՊՆ մամուլի խոսնակ Սաբիրողլուի, պատասխանել է, որ դիպուկահարներին առաջին գծից դուրս բերումը ոչնչով չի նպաստի հակամարտության լուծմանը: