26/10/2010 12:33
Տ. Ջրբաշյան. Տարին կփակվի համեմատաբար բարձր ցուցանիշներով
Հայաստանում տնտեսական տարին կփակվի համեմատաբար բարձր ցուցանիշներով, քան վերջին շրջանում գրանցվում է: Նման վստահություն այսօր ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկ» տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Այս տարվա հուլիսից նկատվող ՀՆԱ աճի որոշակի դանդաղեցումը նա պայմանավորեց ոչ թե տնտեսության աճի ծավալների իրական կրճատմամբ, այլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատաբար բարձր ցուցանիշներով:
«Պատճառը ոչ այնքան այսօրվա տնտեսական վիճակն է, այլ այն, որ անցած տարի աշնանը դիտվեց տնտեսական աճ: Այսինքն, համեմատության ցուցանիշն է մեծացել»,- ասաց Տ. Ջրբաշյանը:
Ինչևէ, ըստ Տ. Ջրբաշյանի, տնտեսության աճի միտումների նվազումը բանկի վրա լուրջ ազդեցություն չի ունցել, քանի որ բանկը կորպորատիվ բանկ է ,և հիմնական վարկային պորտֆելը կենտրոնացած է հանքահումքային ու էներգետիկ ոլորտներում: Նա նշեց, որ չնայած հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում մեծ անկում է եղել, սակայն բանկի պորտֆելում գյուղատնտեսական մասը փոքր է և ավելի շատ վերաբերում է վերամշակման ոլորտին:
«Մենք գտնվում ենք աճի ամենացածր կետում, և այսուհետ իրավիճակը կկայունանա և հետագա անկում չի լինի»,- կանխատեսեց Տ. Ջրբաշյանը` նշելով, որ երկրի ՀՆԱ տարեկան ցուցանիշը կլինի կառավարության կողմից հայտարարված ցուցանիշից ավելի մեծ: