27/10/2010 13:23
Զինվորի սպանությանը չարձագանքելն ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու
«Նման միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գործընթացում ինչ-որ բեկում ակնկալելը վաղաժամ է: Ադրբեջանի կողմից նման քայլերը դարձել են ավանդական գործելաոճ: Այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր հանդիպման նախօրյակին կամ անմիջապես հետո նման սադրանքներ են արձանագրվում»,- անդրադառնալով նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ դիրքապահին սպանելու փաստին՝ Aysor-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Դ.Բաբայանի խոսքերով՝ սրանով իսկ պաշտոնական Բաքուն ցույց է տալիս իր իրական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Հանդիպումների նախօրյակին դիմելով նման քայլերի՝ ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հենց իրենք են բանակցային գործընթացում ապակառուցողական դիրքորոշում որդեգրել», - շեշտեց Դավիթ Բաբայանը և նշեց, որ նշյալ միջադեպին չարձագանքելը ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու:
«Ես սա նրա համար եմ ասում, քանի որ մինչ այժմ ադրբեջանական սադրիչ գործողությունները միջազգային կառույցների կողմից ինչպես հարկն է չեն դատապարտվել ու Բաքվին լուրջ պահանջ կամ դիմում չի ներկայացվել»,- հավելեց Դ. Բաբայանը: