27/10/2010 09:19
ՀՀ ՊՆ-ն դատապարտում է ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը
Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (ծնվ. 1990թ., Ստեփանակերտի զինկոմիսարիատ):
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա», - ասված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունում :