27/10/2010 13:07
Հ. Սահակյան. Սա անհարգալից մոտեցում է ողջ աշխարհի նկատմամբ
«Ադրբեջանը հերթական անգամ սադրիչ գործողություն իրականացրեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչի արդյունքում մարդկային կորուստ է գրանցվել: Փաստն ինքնին դատապարտելի է, մանավանդ երբ դեպքը տեղի է ունեցել Աստրախանում նախատեսված եռակողմ նախագահների հանդիպումից մեկ օր առաջ»,- անդրադառնալով հոկտեմբերի 26-ին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողին սպանելու փաստին՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը նման քայլով իր վերաբերմունքն է արտահայտում բանակցային գործընթացի նկատմամբ, և այս սադրանքն ու առհասարակ Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող ապակառուցողական քայլերը պետք է համաչափ արձագանք ստանան միջազգային հանրության, համապատասխան կառույցների կողմից:
Հիշեցնենք, որ միջնորդ երկրները բազմիցս հանդես են եկել դիպուկահարներին առաջնային գծից ետ քաշելու առաջարկով, ինչին՝ ի տարբերություն հայկական կողմին, Բաքուն մշտապես բացասաբար է արձագանքել: Վերջին անգամ նման առաջարկով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, սակայն ադրբեջանական կողմն այդ առաջարկը ևս հրապարակայնորեն մերժել է: