27/10/2010 10:31
Ա.Զաքարյան. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է սաստի Ադրբեջանի դիվերսիաները
«Ցավոք, հերթական անգամ մեր արևելյան ինքնապաշտպանական դիրքերում ականատես ենք հայ զինվորի ողբերգական սպանության, ինչը տեղի է ունենում բանակցային հանդիպման նախօրեին: Կարծես թե Ադրբեջանը բանակցային գործընթացից իր դժգոհությունը հայտնելու արտահայտչաձև է դարձրել բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո սահմանին դիվերսիաներ կազմակերպելն ու հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելը»,- անդրադառնալով հոկտեմբերի 26-ին (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ օր առաջ) ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորին սպանելու փաստին՝ Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ բանակցային այս փուլում ադրբեջանական կողմի նմանատիպ ագրեսիվ, անհանդուրժողական, սադրիչ և ռազմաշունչ գործելաոճը միգուցե չլիներ, եթե միջնորդները կոնկրետ պահանջներ ներկայացներին Ադրբեջանին` հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում ոտնձգություններ կատարելուց զերծ մնալու համար:
«Ադրբեջանը նման կերպ փորձում է հրահրելով, սադրելով և լարվածություն ստեղծելով պատասխան գործողությունների մղել նաև հայկական կողմերին, որպեսզի սաստկացնի իր հակահայկական քարոզչությունն ու, իբրև թե, արդարացում գտնի իր ռազմաշունչ հայտարարությունների համար: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները այս հանգամանքը պետք է հաշվի առնեն և համապատասխան սաստող միջոցառումներ ձեռնարկեն»,- ասաց խորհրդարանականը:
Ա. Զաքարյանն իր ցավակցությունը հայտնեց մարտական հերթապահության ընթացքում հայրենիքի առջև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային Հարութ Գրիգորյանի հարազատներին և բարեկամներին` բարեկամաբար կիսելով նրանց վիշտ ու կսկիծը:
«Սեփական հայրենիքում անկախության և ազատ ապրելու պայքարում նահատակված մեր հայորդիների փառքը և անունները ոսկե տառերով են գրվելու ազատ, անկախ և ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի հանրապետության նորագույն պատմության մեջ»,- ընդգծեց պատգամավորը: