28/10/2010 17:23
Երևանում բացվեց «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը
Երևանում այսօր բացվեց «EXPO-RUSSIA ARMENIA» հայ-ռուսական երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսը: Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ և ՌԴ պաշտոնատար այլ անձիք:
«2010 թ.` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» կարգախոսով անցկացվող ցուցահանդեսում նախագահ Սարգսյանը շրջեց տաղավարներում, ծանոթացավ տարբեր ոլորտների նոր տեխնոլոգիաներին:
Երրորդ հայ-ռուսական արդյունաբերական ցուցահանդեսը հատուկ ուղերձներով ողջունել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Արտգործնախարարները կարևորել են միջոցառումը` հայ-ռուսական բիզնես համագործակցության զարգացման հեռանկարների համար:
«Նման միջոցառումները համահունչ են Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային գործընկերության ընդհանուր բնութագրին, որը բնորոշվում է տարբեր ոլորտներում աճող դինամիկայով»,- մասնավորապես ասված է Ս. Լավրովի ողջույնի ուղերձում:
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ դաշնակցային համագործակցության վառ արտահայտում է սույն թվականի օգոստոսի 19-20-ը Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի այցը Հայաստան, որի արդյունքները «ցուցադրեցին հայ-ռուսական բարեկամությունը կայունացնելու, երկու երկրների և ժողովուրդների միջև փոխշահավետ բազմակողմանի կապերի ընդլայնման երկուստեք վճռականությունը»:
«Նման միջոցառումների շարունակականությունը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության ռազմավարական բնույթի իրական լինելու մասին: Բիզնես-հանրությունների միջև ուղիղ կապերի ընդլայնման, արդյունաբերական և հետազոտական նախագծերի համատեղ իրակամացման մեջ տեսնում եմ մեր ժողովուրդների բարեկեցությանն ուղղված, մեր երկրների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Գ. Ծառուկյանն իր ողջույնի խոսքում նկատեց, որ «EXPO-RUSSIA ARMENIA» արդեն զբաղեցրել է իր կայուն տեղը գործարար աշխարհում տեղի ունեցող ցուցահանդեսների շարքում: Նա նկատեց, որ մեծացել է ոչ միայն մասնակիցների թիվը, այլև` լայնացել աշխարհագրությունը:
«Մենք դիտում ենք այս միջոցառումը` որպես նոր գործարար կապերի ստեղծման, երկու ազգերի ներկայացուցիչների միջև տնտեսական, հոգևոր, մարդկային կապերի ընդլայնման հնարավարություն»,- ասաց Գ. Ծառուկյանը` վստահություն հայտնելով, որ ցուցահանդեսը կխթանի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մեծացմանը:
Նշենք, որ երևանյան ցուցահանդեսին հայկական մի շարք ընկերությունների հետ ներկայացել են Ռուսաստանի Դաշնության մոտ յոթանասուն ընկերություններ:
Նրանք ներկայացնում են մասնավորապես էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության, շինարարության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտների նոր տեխնոլոգիաներ: Արդյունաբերական ցուցահանդեսում տաղավարներ ունեն նաև Հայաստանի մարզերը: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը: