29/10/2010 17:17
«Մեդվեդևը չի մասնակցել Ալիևի արձանի բացմանը»
«Նախագահ Մեդվեդևը չի մասնակցել Ալիևի արձանի բացմանը և հակառակը պնդող հրապարակումները պարզապես հեռու են իրականությունից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման օրն Աստրախանում բացվեց Հեյդար Ալիևի արձանը, որի կապակցությամբ տարատեսակ հրապարակումներ եղան:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ երեկվա ասուլիսում արդեն իսկ անդրադարձել էր ալիևյան արձանաշինությանն ու դրա պատճառահետևանքային կապին, այդուհանդերձ կրկնեց դեռ երեկ հնչեցրած իր այն միտքը, որ «ամեն մեկը հարգանքի տուրք է տալիս նրան, ինչ ունի»:
«Եվ եթե հայ ժողովուրդն ունի հազարամյակի պատմություն և նույնքան էլ, փաստորեն, գիտական, պատմական ու մշակութային ժառանգություն, ապա ադրբեջանցիների պարագայում գործ ունենք ընդամենը կուռքերի պաշտամունքի հետ, որն էլ, հայտնի է, երկար չի տևում»,- ասաց պատգամավորը: