29/10/2010 13:22
Ֆրանսիան ողջունում է Աստրախանում ընդունված հայտարարությունը
Ֆրանսիան ողջունում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին ընդունված համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների դիակների վերադարձ։
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության մամլո քարտուղար Բեռնար Վալերոն:
Դիվանագետը հույս է հայտնել, որ ձեռք բերված համաձայնությունը անհապաղ կիրականացվի, քանի որ այն կոչված է թուլացնելու լարվածությունը և նվազացնելու հրադադարի խախտման դեպքերը, որոնք վարջերս հաճախակի են արձանագրվում շփման գծում:
«Մեր երկիրը` Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ նախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում, միջնորդության առումով անում է հնարավորինը` օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին հասնել հակամարտության խաղաղ, արդարացի ու երկարատև լուծմանը», - ասել է Բ.Վալերոն:
Ֆրանսիացի դիվանագետը նաև կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել միայն «թափանցիկության ու երկխոսության ճանապարհով»:
Բեռնար Վալերոն կարևորել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնողականությունը` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: