29/10/2010 09:07
Ջերմուկը հետաքրքրել է իսպանացի ներդրողներին
Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերը հետաքրքրել են իսպանացի ներդրողներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն Aysor-ին հայտնեց, որ Ջերմուկի զարգացման ներդրումային փուլի մեկնարկը կտրվի մոտ օրերս: Շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» մասնագիտացված կազմակերպությունն արդեն ավարտել է ինժեներական լուծումների նախագծումը, այդ թվում` համակարգչային 3D պատկերը և եռաչափ մանրակերտը: Նախատեսվող փոփոխությունները պետք է արտահայտվեն նաև Ջերմուկի գլխավոր հատակագծում: Հոկտեմբերի 15-ին շվեյցարական ընկերության իրականացրած աշխատանքը ներկայացվել է ՀՀ նախագահին և գործարարներին:
Մ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ստեղծվելու է ծրագրի կառավարող կազմակերպություն:
«Մեր նպատակն է Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն` տարվա չորս եղանակների համար: ԱՄՆ ՄԶԳ Մրցունակ մասնավոր հատված (CAPS) ծրագրի աջակցությամբ քաղաքի զարգացման ռազմավարությունը մշակելիս` հաշվի ենք առել քաղաքի ներուժը, բնակլիմայական պայմանները և այլն»,- ասաց Մ. Ապրեսյանը:
Սահմանվել են զարգացման մի քանի ուղղություններ` առողջարանային և ձմեռային զբոսաշրջային կենտրոն, քանի որ առկա են համապատասխան կլիմայական պայմաններ, դահուկասպորտի համար հարմար դիրքադրումներով լանջեր, ձյան որակ, ձնածածկի տևողություն, արդեն գործող ենթակառուցվածքներ և այլն: Արդեն ձևավորվող ավանդույթներին հետևելով` Ջերմուկը նախատեսվում է դարձնել շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, ինչպես նաև կստեղծվի համահայկական, միջազգային մանկապատանեկան ճամբար, կզարգացվի մշակութային զբոսաշրջությունը: Ըստ Մ. Ապրեսյանի, Ջերմուկում հայտնաբերվել է պատմամշակությաին շերտ, և այնտեղ նախատեսվում է պեղումներ իրականացնել:
«Խնդիրն այն է, որ դառնանք միջազգային եվրոպական հայտնի ձմեռային և առողջարանային զբոսավայրերին այլընտրանքային զբոսաշրջավայր: Նպատակ կա զբոսաշրջիկների թիվը հասցնել 100 հզ-ի, իսկ այդքան զբոսաշրջային այցելությունների պայմաններում ապահովել 100 մլն դոլարին համարժեք տարեկան եկամուտ և, բնականաբար, արդյունքում կստեղծվի շուրջ 4000 աշխատատեղ»,- նշեց Մ. Ապրեսյանը, պարզաբանելով, որ, մասնագիտական գնահատականներով, 25 զբոսաշրջիկին 1 աշխատող է սպասարկում:
Առաջիկա տարիներին նախատեսվում է Ջերմուկում ստեղծել մեծ ռեկրեացիոն կենտրոն, զվարճանքների, կոնֆերանսների կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, կատարելագործել և ավելի ընդլայնել սահուղիները, ստեղծել ձմեռային այլ տարբեր սպորտաձևերի համար կենտրոններ, գոլֆի համար դաշտ, թեթև ավիացիայի համար օդանավակայան (եղնիկի բարձրավանդակում) և այլն: Ընդ որում, 2 տարբեր ուղղություններով ավելացվելու է ճոպանուղիների քանակը:
Մ. Ապրեսյանը հաստատեց, որ Ջերմուկում նախատեսվում է կառուցել խաղատներ ու վիճակախաղեր, սակայն միաժամանակ շեշտեց, որ այդ զվարճանքի վայրը լինելու է քաղաքից դուրս` նախկին լքված օդանավակայանի տարածքում:
Մ. Ապրեսյանը դժվարացավ ասել, թե որքան գումար անհրաժեշտ կլինի այս նախագծերի իրականացման համար, նշելով, որ դա ավելի պարզ կդառնա ներդրումային ծրագրերը կազմելուց հետո: Ամեն դեպքում, ըստ նրա, խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարների մասին: Ենթակառուցվածքների առումով պետական մասնակցություն է լինելու: Ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշվարկներ է կատարում:
«Բավականին հավակնոտ են նպատակները, և հսկայական ներդրումներ են պահանջվում: Տեղի բնակչության կողմից սպասում կա, և ներդրումների համար միջավայրը բարենպաստ կլինի»,- հավաստեց Մ. Ապրեսյանը:
Հավելենք, որ Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործման համար ժամկետ սահմանվել է 2020 թ-ը: