30/10/2010 13:26
Ն.Պավլովիչ. «Էքսպո Ռուսաստան-Հայաստան-2010»-ը հաջողվել է
«Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2010» ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսի արդյունքները բավականին հուսադրող են: Երևանում անցկացվող ցուցահանդեսի վերաբերյալ նման գնահատական այսօր ասուլիսում տվեց միջոցառման կազմակերպիչ «Զարուբեժ Էքսպո» միջազգային համագործակցության տնօրեն Նիկոլայ Պավլովիչը:
«Ցուցահանդեսը հաջողվել է և այն հասել է իր նպատակին»,- ասաց Ն. Պավլովիչը, հավելելով, որ Հայաստանը ետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենավստահելի գործընկերն է:
Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ շուրջ 1/4-ով ավելացել է այցելուների թիվը: Հայաստանի և Ռուսաստանի շրջանների ընկերությունների միջև արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: Մասնավորապես, Արմավիրում նախատեսվում է հիմնել խոշոր տրամագծի խողովակների արտադրության հայ-ռուսական ձեռնարկություն, և նախագիծը հնարավոր է սկսվի արդեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում: Երկկողմ համագործակցության զարգացումներ են սպասվում դեղագործության, տրանսպորտի և այլ ոլորտներում: Ն. Պավլովիչը նշեց, որ այս ցուցահանդեսի արդյունքում համագործակցության պայմանագրերի թիվը դեռ կավելանա, քանի որ գործընթացը շարունակվում է: Նա հայտնեց, որ, օրինակ, նախորդ տարի ցուցահանդեսից հետո 36 պայմանագրեր են կնքվել հայկական և ռուսական կազմակերպությունների միջև:
Հիշեցնենք, որ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2010» ցուցահանդեսն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 28-30-ը: Ցուցահանդեսում հայկական մի շարք ընկերությունների հետ ներկայացել են Ռուսաստանի մոտ յոթանասուն ընկերություններ, որոնք ներկայացնում են էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության, շինարարության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտների նոր տեխնոլոգիաներ: