02/11/2010 11:55
Դեսպան. ՀՀ և Ղազախստանի առևտրաշրջանառությունը բավարար չէ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ենթակառուցվածքների, մասնավորապես տրանսպորտային ոլորտում իրականացվող կարևոր ծրագրերի մասին:
Մ.Վարդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման համար նախապատրաստական աշխատանքները, որոնք հայկական կողմի առաջարկով իրականացնում է ռուսական ընկերությունը: Զուգահեռ հաջորդ տարի կսկսվեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման աշխատանքները: Ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:
Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաև, որ շարունակվում են «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շահագրգիռ երկրների և ընկերությունների հետ:
Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է «Հյուսիս-հարավ”ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքի մասին և նշել, որ այն կառուցվելու է փուլերով: Հայտարարված միջազգային բաց մրցույթին հայտեր են ներկայացրել երեք ընկերություններ և ներկայումս դրանց փաստաթղթերի գնահատման փուլն է ընթանում:
Դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին նշել է, որ տրանսպորտային միջանցքների բացակայության պատճառով երկկողմ առևտրաշրջանառությունը բավարար չէ: Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ղազախական բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն առևտրաշրջանառության ծավալների բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր: