02/11/2010 12:23
«Աստրախանի եռակողմ հանդիպումն իր ձևաչափով թերի էր»
«Մենք ողջունում ենք զոհվածների դիակների և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչը կարելի է որոշակի առաջընթաց համարել բանակցային գործընթացում»,- անդրադառնալով Աստրախանում կայացած եռակողմ հանդիպմանը և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
Նա նաև նշեց, որ մարդասիրական հարցերի լուծումները, վաղ թե ուշ կգտնվեն, բայց հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների առումով՝ «կարծում եմ, հազիվ թե»:
«Ինչո՞ւ: Ճշմարտությունը պարզ է. Արցախն անմիջականորեն չի մասնակցում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս առումով գտնում ենք, որ Աստրախանի հանդիպումն իր եռակողմ ձևաչափով թերի էր», - նշեց Արթուր Թովմասյանը:
Միևնույն ժամանակ նա ողջունեց ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունները, որոնք, ըստ ԼՂՀ ԱԺ փոխնախագահի, պետք է շարունավեն:
«Միևնույն ժամանակ համոզված ենք, որ վաղուց ի վեր, հրամայական է դարձել գործընթացին՝ որպես հակամատող կողմի, ԼՂՀ իշխանությունների ուղղակի ու լիիրավ մասնակցությունը, ինչը սահմանել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովը», - ընդգծեց ԼՂՀ պաշտոնյան:
Նրա կարծիքով՝ այլապես առանց պաշտոնական Ստեփանակերտի ստորագրության, կարգավորման վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ մնալու է «սոսկ թուղթ և ոչ ավելին», ինչը գիտակցում են և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները:
«Ինչ վերաբերվում է Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովում Ղարաբաղյան կարգավորման ընդհանուր սկզբունքների շուրջ որոշակի պայմանավորվածությունների հանգելու հավանականությանը, ապա իմ ենթադրությամբ, Աստանայում պարզապես կկայանա ևս մեկ հերթական հանդիպում, որի ընթացքում հազիվ թե ստորագրվի որևէ հիմնարար փաստաթուղթ Արցախի Հանրապետության վերաբերյալ», - նշեց Ա. Թովմասյանը և հավելեց. «Թեկուզ չեմ բացառում հավանականությունը, որ կընդունվի մարդասիրական բնույթի մեկ այլ հայտարարություն, ասենք, հակամարտ կողմերի շփման գծից դիպուկահարների հեռացման մասին»: