03/11/2010 09:10
ԱՄԷ-ն հետաքրքրված է ՀՀ տնտեսական զարգացման հնարավորություններով
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը հույս է հայտնել, որ արտաքին առևտրի նախարարի գլխավորած ներկայացուցչական այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի զարգացման համար: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը, որը նախատեսվում է անցկացնել 2011թ. սկզբին` Երևանում: Հայկական կողմից մինջկառավարական հանձնաժողվի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ Սակր բին Մուհամմադ ալ-Քասիմիի մահվան կապակցությամբ:
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության համար և նրան փոխանցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ ալ Մաքթումիի ջերմ ողջույնները:
Շեյխա Ալ Քասիմին տեղեկացրել է, որ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են 40 գործարարներ, հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններով և պատրաստ են ուսումնասիրել և ներդրումներ կատարել տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
Որպես երկկողմ տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառները:Առավել հեռանկարային է համարվել գյուղատնտեսական ապրանքների, խմելու ջրի արտահանման, ազատ առևտրի գոտիների ստեղծման և այլ բնագավառների զարգացումը: Կարևորվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող ամենատարբեր ցուցահանդեսներին հայ գործարարների մասնակցությունը:
Երկուստեք ընդգծվել է, որ կգործադրվեն հնարավոր բոլոր ջանքերը, որոնք կուղղվեն մեր երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը ողջունել է, Fly Dubai ավիաընկերության մուտքը Հայաստան, ինչն ըստ Տիգրան Սարգսյանի, էապես կնպաստի երկու երկրների միջև օդային չվերթների ավելացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: