03/11/2010 12:16
Մեկնարկեց հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Երկօրյա համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը` հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների դիտարկման նպատակով: Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանել է շուրջ 40 հոգանոց գործարար պատվիրակություն` ԱՄԷ Արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորությամբ:
«Այսօր մեր հարաբերությունները քաղաքական մակարդակով գնահատում ենք շատ բարձր և այս բիզնես ֆորումը նպատակ ունի բացահայտելու տնտեսական ներուժը»,- ողջունելով ներկաներին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, գործարար համաժողովը հնարավորություն կտա արաբ ձեռներեցներին ավելի լավ հասկանալ Հայաստանի գրավչությունը` ներդրումներ անելու տեսակետից: Վարչապետի խոսքով, մեզ համար հետաքրքիր են տեղեկատվական տեխնոլոգիաների, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության ոլորտները, ինչպես նաև զբոսաշրջության, շինանյութերի արտադրության, գյուղատնտեսական մքերքների արտադրության, քաղցրահամ ջրերի արտահանման խնդիրները: Տ. Սարգսյանը կարևորեց ԱՄԷ-ի փորձը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման տեսակետից. «Նման լոգիստիկ սխեմաներ ԱՄԷ-ն հաջողությամբ իրականացնում է և փորձը մեզ համար շատ օգտակար կլինի»:
Վարչապետը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ համաժողովներ պարբերաբար անցկացնելու մասին և հաջորդը տեղի կունենա ԱՄԷ-ում:
Համաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի և ԱՄԷ Արտաքին առևտրի նախարարությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Հավելենք, որ վաղը տեղի կունենան ոլորտային հանդիպումներ և այցելություններ Էկոնոմիկայի, Էներգետիկայի, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության նախարարություններ, ինչպես նաև Կենտրոնական բանկ և Երևանի քաղաքապետարան:
Նշենք, որ 2006-2009 թթ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 129.4 մլն դոլար, որից արտահանումը կազմել է 28 մլն դոլար, իսկ ներմուծումը` 101.3 մլն դոլար: 2009 թ-ին արտահանումը կազմել է 5.3 մլն դոլար, ներմուծումը` 30.7 մլն դոլար: Հայաստանից ԱՄԷ է արտահանվում հիմնականում վերամշակված գյուղմթերք, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, պղինձ, իսկ ներմուծվում են ներկանյութեր, պիգմենտներ, լաքեր, թանաք, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, միջուկային ռեակտորներ, սարքավորումներ, կահույք, անկողնային պարագաներ, շաքար և այլն: