03/11/2010 14:36
Նախկին ԱԳ նախարար. «Աստանայում ճանապարհային քարտեզ չի լինի»
Ինչպես Աստրախանի, այնպես էլ Աստանայի հանդիպումից ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը ԼՂ հարցի կարգավորման շուրջ առաջխաղացում չի ակնկալում: Այդ մասին ասաց նա այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արզումանյանի խոսքերով` բանակցային գործընթացը ցույց է տվել, որ դեռ չի հասունացել բեկումնային պահը. «Ինչպես միշտ, Աստանայում ևս կողմերը կրկին կկարևորեն Մինսկի գործընթացի կարևորությունը, ԵԱՀԿ անդամ երկրները միահամուռ աջակցություն կհայտնեն Մինսկի գործընթացին և կսահմանափակվեն ընդհանուր հայտարարությամբ»:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Աստանայում ճանապարհային քարտեզ ընդունվի, նախկին ԱԳ նախարարը նշեց, որ ճանապարհային քարտեզը «մոդայիկ արտահայտություն» է:
«Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի: Սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք բացարձակապես անընդունելի են թե’ Հայաստանի, թե’ ԼՂՀ-ի համար: Ի վերջո, ցանկացած հայտարարություն կարելի է որակավորել որպես ճանապարհային քարտեզ»,-ընդգծեց Ա. Արզումանյանը: