03/11/2010 14:18
Ա. Պողոսյան. Պանրի թանկացումը կամային երևույթ է
Միջազգային շուկայում պանրի, կաթնամթերքի, կամ հացի հումքի պայմանների արժեքների գնագոյացման որևէ էական փոփոխություն չի եղել, և հայկական շուկայում գրանցված վերջին թանկացումները հիմնավորված չեն: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Սա կամային երևույթ է և հիմնական չարիքը մոնոպոլ դիրքն է»,- ընդգծեց նա:
Ա. Պողոսյանը գտնում է, որ պետք է խոսել ոչ թե որևէ առանձին մթերքի թանկացման մասին, այլ տնտեսական քաղաքակնության մասին, որն «արատավոր է մեր երկրում»: Ըստ նրա, օպերատիվ քայլերը և տնտեսական զարգացման ռազմավարությունը թերի են: Ա. Պողոսյանի խոսքով, եթե որևէ ապրանքատեսակ միաժամանակ և միատեսակ թանկացել է բոլոր տեղերում, առանց օբյեկտիվ պատճառների, դա պետք է լինի հիմք, որպեսզի այդ ձեռնարկությունները և արտադրահոսքերը ուսումնասիրության առարկա դառնան:
«Առայժմ այդ մոտեցումը չի գործում»,- նշեց Ա. Պողոսյանը, հավելելով, որ տնտեսական մրցակցության մասին օրենքի փոփոխություններից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ կատարելու ավելի լայն հնարավորություններ կունենա:
«Գների թանկացումը պերմանենտ և մշտական երևույթ է: Այս մուրճն անընդհատ, պարբերաբար հարվածում է սպառողների գլխին: Վերջերս ենք գազի գնին ընտելացել, բայց կրկին գալիս է ապրիլը և կրկին գազի թանկացում է սպասվում»,- ասաց Ա. Պողոսյանը: