03/11/2010 15:46
Թուրքիայում անպատժելիության մթնոլորտ էլ ավելի է սրվում
«Թուրքական իշխանությունները, որոնք ջանք չեն խնայում մի շարք ամբիոններից հայտարարելու, որ իրենք այլևս ժողովրդավարական պետություն են և ամեն ինչ անում են իրենց երկրում մարդու իրավունքները որպես գերակայություն հատատելու ուղղությամբ, իրենց այս քայլով ապացուցում են, որ այդ ամենն ուղղակի ֆարս էր»,- անդրադառնալով Թուրքիայում իրականացված դատական բարեփոխումներին, ինչի արդյունքում Հրանտ Դինքին սպանած հանցագործին պատրաստվում են ազատ արձակել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով՝ այս ամենը դեռևս ապացուցվել է հենց Հրանտ Դինքի սպանությամբ, այն ժամանակ, երբ թուրքական իշխանություններն ամեն ինչ անում էին ողբերգությունը քողարկելու ուղղությամբ, այնուհետև զոհ գնալով ներքին և արտաքին ճնշումներին, վերջապես «հարմար» մարդ գտան, որն իր վրա վերցրեց այդ հանցանքը, ինչից հետո գործը տեղափոխեցին անչափաhասների դատարան՝ հանցագործին հնարավորինս մեղմ պատիժ սահմանելու համար:
«Եթե իսկապես այդ հանցագործն ազատ արձակվի, ապա մեկ անգամ ևս կհաստատվի, որ թուրքական իշխանությունների կողմից նման բռնարարքներն ուղղակի խրախուսվում են, ողջունվում են, Թուրքիայում անպատժելիության մթնոլորտn ավելի է սրվում ու դառնում է առավել ընդգծված: Հատկանշական է, որ Թուրքիայի գործելաոճն իր կրտսեր եղբոր գործելաոճից ընդհանրապես չի տարբերվում, նույն քաղաքական գծով են շարժվում. ադրբեջանցի սպան ՆԱՏՕ-ի սեմինարների ընթացքում հայ սպայի է կացնահարում, թուրք հանցագործը՝ հայ խմբագրին…»,- ասաց պատգամավորը:
Խորհրդարանականը նաև նշեց. «Ու հանկարծ ինչ-որ թուրք երիտասարդ կուսակցականներ են գալիս Հայաստան, ինչ-որ ծրագրեր են ներկայացնում, չես հասկանում, թե ի՞նչ են փնտրում, հայտարարում են, թե սահման են հատել, ժողովրդավարությունից են խոսում: Այդ երիտասարդները պետք է հասկանան, որ այն, ինչի մասին խոսում են, այդ քայլերը պետք է արվեն թուրքական իշխանությունների կողմից, իրենց ծրագրերը պետք է իրենց իշխանություններին ներկայացնեն, իսկ մենք իրենց շոուների ժամանակը չունենք»:
Հ. Սահակյանի խոսքերով՝ թուրքական իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ցանկությունը հենց այնպես չի լինում. նրանք պետք է ռեալ քայլեր ձեռնարկեն, և չպետք է թույլ տային, որ այնտեղ հայ սպանվեր՝ լինի խմբագիր, գործարար, թե շինարար:
«Սակայն Թուրքիան հակառակ քայլեր է ձեռնարկում. մի կողմից ուզում է արտաքին լսարանին ցույց տալ, թե քայլեր է ձեռնարկում՝ վստահության դաշտ ապահովելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ երկրի ներսում լրիվ այլ քայլեր իրականացնում: Թուրքիան խրախուսում է իր հասարակության այն զանգվածին, որոնց Գ. Նժդեհը տականք էր անվանում», - նշեց Հովհաննես Սահակյանը: